Որտեղ է թաղված շան գլուխը
05.06.2020 | 00:31
Մամուլի ու ֆեյսբուքյան էջերից առայժմ չի իջնում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանի անունը։ Իհարկե՝ ոչ իր կամքով։ Կերազեր։ Պարզապես հնար չկա, քանի որ նրա երեք տարիների հետագիծն է խորունկ։
Բարեբախտաբար թե դժբախտաբար օր օրի ընթեռնելի են դառնում գործատուի սցենարներն այն մասին, թե ինչպես է թիրախավորված աշխատանքային հարաբերություններ կառուցել մի քանի մասնագետների հետ, որոնք արդեն օպտիմալացվել են, բայց մտադիր չեն քմահաճության զոհ դառնալ։ Այս մասին «քաջատեղյակ» կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն առանց գլուխ դնելու իրենց իրավունքների համար ըմբոստացողների հետ, օրերս հեռահար դաս տվեց. «ինչ-որ աշխատակիցների ակտիվությունն էդքան էլ բարոյական չի»։ Մենք արդեն առիթ ենք ունեցել համեմատելու բարոյականության կշռաքարերը՝ մի կողմում աշխատանքից ազատվածների, մյուսում տնօրենի ժպ-ի և «ինչ-որի» հեղինակինը միասին վերցրած։
ՈՒշացումով, բայց ժամանակին մեզ հայտնի դարձավ, որ հարգարժան տիկնոջ ու նրա աչքի փուշը համարվողների ջրերը մի առիթով չեն հոսել։ Չէին էլ կարող. մասնագիտական հարցերում համընկնումները եղել են 70-ը 30-ի հարաբերակցությամբ։ Սա լավագույն դեպքում։ Իսկ ընդհանրապես... Գործատուն, որպեսզի պատմությունների մեջ չընկնի, գլուխը կախ, աչք-ականջից հեռու, հաջողել է իրագործել փայփայած՝ մեկուսացման օպերացիան. մեկ տարի շարունակ փոխտնօրեն Մարինե Անտոնյանի և ճարտարագետ Սաթիկ Ստեփանյանի պաշտոնի անձնագրերով սահմանված գործառույթները «տակից» բաժանել է հավատարմության առաջնագծում հերթապահողներից մի երկուսին։ Նույն կերպ վարվել է նաև խմբագիրներ Ռազմիկ Աբրահամյանի և Մարտին Հուրիխանյանի նկատմամբ ավելի վաղ՝ սկսած 2018-ի վերջերից։ Եվ միայն բացառիկ դեպքերում է նրանց հիշել, երբ այս կամ այն գործը յուրայիններով գլուխ չի բերվել։ Ընդ որում՝ տարեկան մեկ թե երկու անգամ։
Փաստորեն վերոհիշյալ մարդիկ (ոչ միայն նրանք) դեֆակտո ներկայացել են աշխատանքի, բայց դեյուրե գրեթե ոչինչ չեն արել, ու տեղը տեղին աշխատավարձ են ստացել։ Ոմանք, իհարկե, կարող էին համակերպվել, օգտվել ստեղծված իրավիճակային առավելությունից, բայց... Դժգոհության հիշեցում-բարձրաձայնումները պատից այն կողմ, 6-7 մետր հեռավորության վրա բանի տեղ դնող չի եղել։ Իսկ եթե հանկարծ հայտնվել է «ընկալունակ» մեկը, նրա վերաբերմունքը չի կարող դիտվել իրավաչափ։
Այդպիսի պատմություններից հերթականը բումերանգի էֆեկտ է ստացել, երբ մեկը ծանոթին նամակ է գրել, իսկ երրորդը՝ իմանալով նամակագրությունը, ուժերի կենտրոնացմամբ բացահայտել է հեղինակին և ենթարկել կարգապահական տույժի։
Հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը և ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ ենթակետով, 223-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով,
Հրամայում եմ՝
1. Կինոկենտրոնի ճարտարագետ՝ Սաթիկ Իլյիչի Ստեփանյանին տալ խիստ նկատողություն, երրորդ անձանց ոչ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու և առևտրային գաղտնիք հրապարակելու համար։
2. Սույն հրամանը Սաթիկ Իլյիչի Ստեփանյանի կողմից ստանալու օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնել տնօրենին գրավոր բացատրություն՝ երրորդ անձ՝ Սերժ Ավետիկյանին մարտի 2-ին, «Հայկինո, Armenia TV» ալիքով ցուցադրված իր «Փարաջանով» ֆիլմի վերաբերյալ նամակ գրելու դրդապատճառների, աշխատանքային հիերարխիան և էթիկան խախտելու, առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը երրորդ անձանց տրամադրելու վերաբերյալ։
Տնօրենի ժպ Շուշանիկ Միրզախանյանի հրամանը նույնությամբ ներկայացնելը ինքնանպատակ չէ և նույն կերպ մեջբերելու ենք նաև տուժող կողմի պատճառաբանություններն ու բացատրությունները։ Դրանով նախ՝ հասու դարձնել գործատուի և աշխատողի միջև սկիզբ առած մի կաթիլ մեղրի պատմությունը, ի՞նչ ընթացք է ստացել և ինչպե՞ս վերջալուծվել։ Երկրորդ. նախարարությունը ի զորու՞ է գեթ մեկ անգամ կուրորեն չգործել «հանուն մեր ֆերմայի»։ Եվ ամենակարևորը։ Ցանկացած ընթերցող՝ լինի շահագրգիռ թե անկողմնակալ, գտնի ճշմարտության և արդարամտության հատիկը պաշտոնյայի և ենթակայի «կռվադաշտում»։ Իսկ դրա համար, որպես կռվախնձոր, ներկայացնենք Սաթիկ Ստեփանյանի նամակի բովանդակությունը՝ հասցեագրված «Փարաջանով» ֆիլմի ֆրանսահայ ռեժիսորին, որը նաև գլխավոր դերակատարն է։
-Հարգելի Սերժ Ավետիկյան։ Մարտի 2-ին, «Հայկինո, Armenia TV» ալիքով ցուցադրվում էր Ձեր «Փարաջանով» ֆիլմը՝ ռուսերեն լեզվով և անգլերեն սուբտիտրերով։ Խայտառակ որակով հեռարձակումը U’com TV-ի 304-ով, ստիպեց ինձ Ձեզ հետ կիսել իմ վրդովմունքը։ Ֆիլմի 15 րոպե 09 վայրկյանից սկսած մինչև վերջ ձայնը այնքան նեսինխրոն էր, որ մի ամբողջ նախադասության չափով համր պատկեր էր ընթանում, նոր հետո լսվում էր խոսքը։ Փարաջանովի և ծեր կնոջ երկխոսության ոչ սինխրոնությունը պարզապես անհնար էին դարձնում դիտումը։
Ցուցադրվող գույներն այնպիսին էին, որ թվում էր ֆիլմը աշխատանքային տարբերակ է և դեռ գունաբաժանման աշխատանքներ չէին արվել։
Զգացվում էր, որ ֆիլմը հեռարձակման է տրվել DVD (720x576) ֆորմատով, իսկ U’com-ը հեռարձակում էր HD (1920x1080) և արհեստականորեն DVD-ին մեծացնելով էկրանը՝ HD լրացնելու համար, մթոտ կադրերում պարզ երևում էին պիկսելների մոզայիկ դրսևորումը։ U’com TV-ին հնարավորություն է տալիս 5 օրվա ընթացքում տյուների հիշողության մեջ պահպանվող հաղորդումները կրկին դիտել։ Կարող եք ստուգել իմ նկատառումները։
Ենթադրում եմ՝ հնարավոր է, որ Ձեր ֆիլմը ազգային կինոկենտրոնը տրամադրած լինի Արմենիա հեռուստատեսությանը, որովհետև այդ ալիքին կինոկենտրոնը վաճառել է հայկական ֆիլմերի ցուցադրության իրավունքները։ Քանի որ ես կինոկենտրոնի աշխատակից եմ, կինոճարտարագետ և մոնտաժի ռեժիսոր, չեմ բացառում, հնարավոր է, որ դա կինոկենտրոնի անպատասխանատու վերաբերմունքի արդյունք լինի, ուստի խնդրում եմ իմ անունը չհրապարակեք, ինձ դիտեք որպես ֆիլմը հեռուստացույցով դիտած հարյուրավոր հանդիսատեսներից մեկը։ Շնորհակալություն։
Հարգանքով՝ Սաթենիկ։
Վեճի առարկան և մեկնարկը տրված է, բայց ոչ տետատետ, և պատասխանը, դարձյալ ինտերնետային տարբերակով, չի ուշացել։
23/ԿԲ հրամանից 1,5 օր անց Սաթիկ Ստեփանյանը՝ կատարելով տնօրենի ժպ-ի կարգադրությունը, ամենայն մանրամասնությամբ, ներկայացրել է 4-էջանոց բացատրագիր դրդապատճառների, իր դիտարկումների և մտահոգությունների մասին, նրբանկատորեն չշրջանցելով նաև էթիկայի տարրը։ Եվ որպես հրամանի 1-ին կետի ժխտում, նա, որպես փաստարկ, հիշեցրել է անձնական նամակի բովանդակությունը։ Այնուհետև ամբողջացնելով իր հասցեին արվող մեղադրանքները, ճարտարագետը փորձել է այն մասնագիտական մաղով անցկացնել՝ թողնելով իրարից զատված ցորենն ու որոմը։ Ահա դրանցից մի քանիսը։
-Բացարձակ ճշգրիտ է ասածս, առավել ևս հիմնավորված. ֆիլմի խայտառակ ցուցադրումից՝ հեռուստաէկրանից նկարահանած 4 հատվածների ամրագրումը կցված է բացատրագրիս, որպեսզի բացառվի մոնտաժային միջամտության կասկածը։ ՈՒզում եմ շեշտել, որ գրածս անձնական նամակագրություն է մի մարդու հետ, որը հիշատակված ֆիլմի հեղինակն է և իրավատերը։ Այնպես որ, նա երրորդ անձ չի կարող դիտարկվել։ Եվ բացի դա, ոչ մեկը բարոյական իրավունք չունի գրաքննելու անձնական նամակս։ Էլ չեմ խոսում նամակագրությունը երրորդ կամ չորրորդ անձի ներգրավմամբ ձեռք բերելու մասին։ Սա էթիկայի կանոնների տրամաբանության մեջ չտեղավորվող երևույթ է՝ նոնսենս։
Գրել-բացատրել է ճարտարագետը և ավելացրել. «որքան էլ մարդը կանգնած լինի աշխատանքային հիերարխիկ բուրգի գագաթին, անընդունելի է ուրիշների անձնական նամակագրության հետևելը, նույնիսկ եթե նամակագիրը գտնվում է նշված բուրգի ստորոտում։ Սաթիկ Ստեփանյանը «նեղվել» է այն հանգամանքից, թե ինչու է գործատուն անտեղի «ոգևորվել»», երբ նամակում չկա նույնիսկ ակնարկ Շուշանիկ Միրզախանյան անձին վերաբերող։
Բացատրություն՝ մաս 2-րդ
Ինչ վերաբերում է առևտրային գաղտնիք հրապարակելուն, կինոճարտարագետը նկատել է. «Հայկինո, Armenia TV» U’com 304 ալիքը շարունակաբար, արդեն 7-8 ամիս, ամեն օր, յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությունից առաջ պտտեցնում է ինֆորմացիոն հոլովակ այն մասին, որ հայկական ֆիլմերի ցուցադրման էքսկլյուզիվ պայմանագիր է ձեռք բերվել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։ Եվ այսքանից հետո, պարզ ու թափանցիկ իրողությունն անտեսած, ինձ մեղադրել առևտրային գաղտնիք հրապարակելու գործում, անհիմն ու անհեթեթ եմ համարում»։
Եվ ինչպես նախորդ դեպքում, այստեղ էլ Սաթիկ Ստեփանյանը բացատրագրին ամրակցել է հեռուստաէկրանից «թխած» դրվագներ տվյալ հոլովակից։
Իր տեսակետն ամրապնդելու և գործատուին հերթական անգամ սխալ հանելու համար խորհուրդ է տվել վերընթերցել 1-էջանոց հրամանից ձևաթուղթը, որտեղ երկու անգամ աչքիդ է զարնում մեծատառերով ընդգծված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» կոչվածը և հանգել եզրակացության. «եթե պետական կառույցը ոչ առևտրային է, ի՞նչ առևտրային գաղտնիքի մասին է խոսքը, որը ես տրամադրել եմ երրորդ անձանց, ընդ որում ոչ թե մեկ մարդու՝ ֆիլմի ռեժիսորին, այլև ուրիշներին ևս։ Տխուր է»։
Բացատրություն՝ մաս 3-րդ
Չարաբաստիկ նամակի մի հատվածից էլ երևում է հեղինակի ենթադրությունը. «հնարավոր է, որ ազգային կինոկենտրոնը «Փարաջանով» ֆիլմը տրամադրած լինի «Արմենիա» հեռուստաընկերությանը, որովհետև այդ ալիքին կինոկենտրոնը վաճառել է հայկական բազմաթիվ ֆիլմերի ցուցադրության իրավունքները, ինչի մասին, ի դեպ, ակնարկված է հիշատակված ինֆորմացիոն հոլովակի մեջ։ Իսկ ինչ վերաբերում է ենթադրությանս, որ կինոկենտրոնն է տրամադրել ֆիլմի խոտան տարբերակը, բացատրագրի պահանջը ստիպեց հետամուտ լինեմ։ Բացահայտումը հեշտերից էր։
...Երկու տարի առաջ ազգային կինոկենտրոնը ցուցաբերել է անթույլատրելի մասնագիտական անփութություն. ձեռքի տակ ունենալով ֆիլմի լավագույն տարբերակը, չգիտես ինչու, տրամադրել է ցածրորակն ու խոտանը՝ հանրային ցուցադրության համար։ Հեռուստատեսության պատասխանատու դեպարտամենտի ղեկավարը ներողություն խնդրեց, որ իրենք նույնպես անփույթ են գտնվել և առանց ստուգելու էկրան են թողել ֆիլմը։ Այդ մասին տեղեկացված են թե՛ Արմենիա հեռուստաընկերության և թե՛ U’com ընկերության տնօրինությունը։ Մենք այլ խոսակցություն էլ ունեցանք, այդ թվում՝ թվային հեռուստատեսության տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող, տեխնիկապես խոտան, կինոկենտրոնի տրամադրած այլ ֆիլմերի մասին նույնպես։ Նրանք շատ օպերատիվ ձևով արդեն սկսել են շտկումների աշխատանքը։ Համամիտ էին իմ բոլոր հնչեցրած նկատառումների հետ, որի համար շնորհակալություն հայտնեցին և խնդրեցին այդ ամենը ձևակերպել գրությամբ և ուղարկել էլեկտրոնային ճանապարհով»։
Չխուսափելով նամակի խոցելիությունից և գործատուի նախատինքից, ճարտարագետը խոստովանել է, որ ինքը բացարձակ քողարկվելու ցանկություն չի ունեցել, ստորագրել է, նկարագրել իր ով լինելը, չնայած որ «Սերժ Ավետիկյանը ինձ ճանաչում է անձամբ։ Հենց «Փարաջանով» ֆիլմի ձայնամփոփման աշխատանքների ընթացքում ես իմ համեստ ներդրումն ու համագործակցությունն եմ ունեցել։ Անունս չհրապարակելը, այո, իմ անձնական խնդրանքն է եղել՝ նկատառումներս դիտարկել որպես հանդիսատեսի»։
Հետևողականությունն ու պատասխանատվությունը գործի բերումով պայմանավորված, ինչու ոչ, նաև մասնագիտական էգոն, որ ճարտարապետին հանգիստ չի տվել, ուղեկցել է միշտ և՛ «Փարաջանով» ֆիլմից շատ առաջ, և՛ դրանից հետո։
...Օրը շաբաթ էր: Ֆիլմի այս անհաջող տարբերակին երբ հաջորդել է մեծ արվեստագետի մեկ այլ՝ «Նռան գույնը» ֆիլմի Յուդկևիչի էլ ավելի խայտառակ ցուցադրությունը, որ ընդհանրապես արգելված է եղել, Սաթիկ Ստեփանյանը դարձյալ բնավորություն է ցույց տվել՝ «Սա նույնպես Ազգային կինոկենտրոնի անհետևողականության արդյունք է։ Ես ահաբեկված զանգահարում եմ Շուշանիկ Միրզախանյանի ձեռքի հեռախոսին, չի պատասխանում (կցում եմ հեռախոսիս դիսփլեյի պատկերը), զանգահարում եմ տան հեռախոսին, վերցնող չկա։ Հետ զանգ նույնպես եղավ։ Նույն գիշերը տնօրենի ժպ-ն իմանալով (ընդունելով) որպես պայմանագրի իրավասու կողմ, փոխանակ պարզի, թե ինչպես է կինոկենտրոնը տրամադրել չստուգված նյութը և դադարեցնի հաջորդ օրերի ցուցադրությունը, նախաձեռնել է պեղումներ նամակիս հայտնաբերման ուղղությամբ, որպեսզի պատժի «չարագործիս»։
Երկարաշունչ և մանրակրկիտ բացատրության ավարտին Սաթիկ Ստեփանյանը փորձել է իրավական երանգ տալ՝ «Ես ևս ուզում եմ հղում կատարել ՀՀ Աշխատանքային օրինագրքի այն դրույթին, որտեղ ասվում է՝ եթե հարկ է առաջանում, որ կազմակերպության տնօրենը նկատողություն արձանագրի իր ենթակային, ապա առաջին անգամ դա բանավոր զգուշացումն է, կրկնվելու դեպքում՝ գրավոր նկատողությունը և միայն երրորդ անգամ է տրվում խիստ նկատողությունը։ Անձնական ատելություն տածելով աշխատակցի նկատմամբ, տնօրենը իրավասու չէ խախտելու կազմակերպության կանոնադրությունում ամրագրված ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթը։
Հորդորում եմ վերանայել խիստ նկատողության հրամանը և չեղարկել անհիմն լինելու պատճառով»։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ. Չքննարկենք թե որքանով է իրավաչափ կարգապահական տույժի ընտրությունը կամ արդոք այն ներառված է ընկերության կանոնադրությունում և սահմանված նկատողության տեսակն ու հերթականությունը։ Բայց ակնհայտ է Շուշանիկ Միրզախանյանի անհավասարաչափ որոշումը. 34 տարվա աշխատանքային կենսագրություն ունեցող պրոֆեսիոնալին ոչ մեկը չի ասել աչքիդ վերևում հոնք կա։ Բարոյական չէ, որ նկատողությունը թիրախավորված է, հետն էլ՝ անգրագիտության բացահայտ ցուցադրումով։
Նկատողությունը այն հարցը չէ, որ դրա մասին նախարարությունը պետք է իմանա։ Քավ լիցի։ Բայց վերադասը պարտավոր է իր նշանակած նոր կամ նորացված կադրին ճանաչել ոչ թե քայլարշավի մասնակցության ժամ ու պատարագից, կիլոմետրաժից, այլ գնահատել մասնագիտական իմացությունն ու հմտությունը։ Շուշանիկ Միրզախանյանի պարագայում որակավորողը մենք չենք, բայց նրա գործողությունների արդյունքում ձևավորված կարծիքը, մեղմ ասած, շահեկան չէ և դրա հետ հաշվի չնստելը կլինի նախարարության հերթական «վրիպումը»։ Այնպես, ինչպես վարվել է տնօրենի ժպ տիկինը՝ անտեսելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 224 հոդվածը. «Կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը և դրա հետևանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և աշխատողի՝ նախկինում կատարած աշխատանքը»։ Էլ չենք խոսում 226 հոդվածի մասին, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն։ Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»։
Մեզ մնում է հիշեցնել, որ Շուշանիկ Միրզախանյանը և կազմակերպության իրավաբանը թքած ունենալով օրենքի պահանջին, թարս ծայրից են սկսել. սկզբում տրվել է հրաման, հետո նոր պահանջել բացատրություն։
Մեր տեղեկատու աղբյուրի փոխանցմամբ, նկատողության հետ կապված պարզաբանում-քննարկում տեղի չի ունեցել, գործատուն հարկ չի համարել աշխատողի հետ «դաստիարակչական» զրույց վարել, նրան խելամիտ ուղու վրա դնել...
Որոշումը միանձնյա է՝ արտառոց, անսովոր, տարօրինակ թե օրինաչափ, ինքը գիտի, իսկ հիմա՝ շատերը։ Դրդապատճառները նույնպես ջրի երես դուրս եկան։ Եվ նման դեպքում անիմաստ ենք համարում կարգապահական տույժի կիրառման ժամկետի մասին 227 հոդվածի հիշեցումը, այլապես կստացվի անգրագիտության թագավորություն և քմայքային մոտեցման դասական օրինակ։
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
- Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
- Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
- Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
- Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
- Հետողորմյա մայր թատրոնում
- Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
- Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
- Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
- Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
- Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
- Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
- Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
Մեկնաբանություններ